Արա Այվազյանի հրաժեշտի ահազանգը. Վերջին հնարավորությունը

«Ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», ասել է հրաժարականի դիմում գրած ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Արա Այվազյանը հրաժարականի դիմումը գրել է համացանցում նոր եռակողմ հայտարարության նախագծի «արտահոսքից» հետո, որը վերաբերում էր սահմանազատմանն ու սահմանագծմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ստորագրելու է այն, քանի որ 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահին: Այս հայտարարությունից հետո Կրեմլի խոսնակը «սլիվ» արեց այդ փաստաթուղթը, այն համարելով պատահական «կրակոց», բնականաբար չնշելով կրակոցի հեղինակին:

Արա Այվազյանի ակնարկը չափազանց թափանցիկ է՝ սահմանազատման ու սահմանագծման ներկայիս տրամաբանությամբ գործընթացը պետականության, ազգային և պետական շահի դեմ է, եւ ինքը չէր կարող համաձայնել դրան: Այս փաստաթղթով, եթե հակիրճ բնորոշենք՝ փակվում է Արցախի հարցը՝ խնդրի համապարփակ լուծման հեռանկարը միակ մանդատ ունեցող Մինսկի խմբում, ինչպես նաեւ ճանաչվում են պատերազմի արդյունքները:

Մոսկվան ու Բաքուն լուծված են համարում Արցախի հարցը, եւ այս փաստաթուղթը պետք է դառնար դրա արձանագրումը: Վարչապետի կցկտուր բացատրությունները՝ թե սահմանի հարցը կապ չունի Արցախի խնդրի հետ, մեղմ ասած համոզիչ չեն:

ՀՀ ԱԳՆ-ն թե Մնացականյանի, թե Այվազյանի օրոք պնդել է Մինսկի խմբում Արցախի կարգավորման եւ մասնավորապես կարգավիճակի որոշման հարցը: Միեւնույն ժամանակ, տպավորություն է, որ պետական ինստիտուտները, տվյալ պարագային ԱԳՆ-ն գործել եւ շարունակում են գործել «ինքնավար» ռեժիմում:

Արա Այվազյանի հրաժարականի հայտարարությունը ահազանգ է ու նաեւ հաստատումն այն իրողության, որ Հայաստանի ինքնիշխանության վերացման Լավրովի ծրագրին դիմադրությունը կարող է լինել պետության ռազմավարական որոշումներով: Դա Արցախի պետական ինքնուրույնության ճանաչումն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am