Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը դիտել է ՀՀԿ ներկուսակցական մարզական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը, հետո պարգեւներ հանձնել հաղթողներին ու մրցանակակիրներին, նաեւ լուսանկարվել գրեթե բոլորի հետ:Նախագահի պաշտոնական կայքում առկա լուսանկարների շարքում սակայն ուշագրավ է սակայն բոլորովին այլ մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը դիտում է խաղը, եւ նրա հարեւանությամբ, փոքր ինչ հեռու, նստած է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես ՀՀԿ անդամ է:Ռուբեն Հայրապետյանն այդ լուսանկարում ունի բավական մտահոգ տեսք: Անշուշտ հնարավոր չէ պնդել, որ Հայրապետյանը այդպիսին է եղել ամբողջ միջոցառման ընթացքում, պահ է, որը պարզապես արձանագրել է ֆոտոխցիկը:
Բայց դա բավականին խորհրդանշական արձանագրում է, մի շարք պատճառներով: Ռուբեն Հայրապետյանի համար մտահոգության առիթ է իհարկե Հայաստանի ազգային հավաքականի խաղը, որը մեղմ ասած չստացվեց եւ Հայրապետյանին դրեց բավականին բարդ վիճակի առաջ: Բանն այն չէ, որ երկրպագուները ընտրական մրցաշարից հետո պահանջում են Հայրապետյանի հրաժարականը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Ռուբեն Հայրապետյանն ինքն է նախապատրաստել իր փոփոխությունը, եւ նրա հրաժարականi պահանջը հավասարազոր է ընդամենը հիշեցնելու, որ պետք է պատասխանատու լինել հրապարակային հայտարարության համար: Իսկ Ռուբեն Հայրապետյանը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ հայտարարել էր, որ եթե հավաքականը չնվաճի եզրափակիչ փուլի ուղեգիր, ապա ինքը հրաժարական կտա:
Հավաքականը ոչ միայն չի նվաճել ուղեգիր, այլ անգամ մոտ չի եղել դրան:Ռուբեն Հայրապետյանի մտահոգությունը ներկայում երեւի թե այն է, թե ինչպես դուրս գալ հրապարակավ արված հայտարարության պատասխանատվության տակից, բայց նաեւ դուրս չգալ ֆուտբոլի ֆեդերացիայից: Մյուս կողմից, լուսանկարի խորհրդանշականությունն այն է, որ Հայրապետյանը մտահոգ է Սերժ Սարգսյանի այսպես ասած հարեւանությամբ: Բանն այն է, որ հայկական ֆուտբոլում շաբաթներ առաջ եղավ բավական ուշագրավ մի տեղեկություն, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը մեծ ազդեցություն է փորձում ձեռք բերել Հայաստանում, դարձել է Հայաստանի չեմպիոն Ալաշկերտ ակումբի գլխավոր հովանավոր:
Սամվել Կարապետյանը հովանավորի կագավիճակը ստանձնել է դեկտեմբերի 1-ից: Այստեղ ուշագրավ է այն, որ Ալաշկերտ ակումբի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարաբերությունը կարծես թե այնքան էլ հարթ չի եղել, առավել եւս ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասով: Սամվել Կարապետյանը ստանձնելով Ալաշկերտի գլխավոր հովանավորի կարգավիճակը, փաստացի դառնում է Ռուբեն Հայրապետյանի թեկուզ ոչ հրապարակային, չբարձրաձայնված, բայց «մրցակից» սուբյեկտի գլխավոր հովանավորը: Իսկ դա նշանակում է, որ Սամվել Կարապետյանն իր ազդեցությունը կգործադրի, որպեսզի հայկական ֆուտբոլում առնվազն Ալաշկերտի մասով չլինեն «անհարկի» գործողություններ՝ տեսանելի կամ կուլիսային:Ավելին, դա կարող է լինել սկիզբը, եւ Սամվել Կարապետյանը, սկսելով Ալաշկերտից, կարող է հասնել մինչեւ ֆուտբոլի ֆեդերացիա: Ի վերջո, Ռուբեն Հայրապետյանն էլ սկսել է ակումբից:
Ըստ երեւույթին, ֆեդերացիայի նախագահը ներկայում մտահոգ է հենց այդ, այսինքն հնարավոր հեռանկարի իմաստով: Հատկապես որ Սամվել Կարապետյանի հետ կարծես թե որոշակի խաղի սահմանների եւ քվոտաների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Սերժ Սարգսյանը: Ռուբեն Հայրապետյանին անկասկած կարող է մտահոգել, թե արդյոք ֆուտբոլն այդ պայմանավորվածության մաս չէ: Ի վերջո, նա գիտե, որ Հայաստանում չկա «պատահական» ոլորտ, այդ թվում մարզաշխարհը առկա իշխող համակարգի միջեւ «աշխատանքի եւ պատասխանատվության բաժանման» մաս է: Ֆուտբոլի հանդեպ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունը Հայրապետյանի համար անկասկած մտորելու հիմք է, թե ինչ կարող են պայմանավորված լինել Սարգսյանն ու Կարապետյանը այդ հարցով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am