Առանց նախապայմանների կարելի է հայ-ադրբեջանական զորքերը սահմանից հետ քաշել, մինչև միջազգային դիտորդները կգան

Առանց նախապայմանների կարելի է հայ-ադրբեջանական զորքերը սահմանից հետ քաշել, մինչև միջազգային դիտորդները կգան։ Այս մասին այսօր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հնչեցրած առաջարկությանը։

«Մենք չենք գնալու իրավիճակի սրման և այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով։ Երեկ ես բանաձևը հրապարակել եմ։ Համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է, հույս ունեմ՝ մյուս երկու համանախագահող երկրներն էլ կարձագանքեն, և մենք էսօր կարող ենք դա անենք։ Մի քանի օրվա մեջ կարելի է զորքերը հետ քաշել՝ առանց նախապայմանի, մինչև դիտորդները կգան»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Այսօր մարդիկ Մեղրիում ինչ-որ պրովոկատորների խմբով փորձում են մեզ մեղադրել Մեղրիի միջանցք տալու մեջ ու գնում են կանգնում են իբր պաշտպանում են էդ քաղաքական ուժին, որը Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը 1999 թվականին դրել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Մենք այս պատմության մեջ մեղադրյալ չենք, մեղադրող ենք, այս պատմության մեջ նենգ չենք, ազնիվ ենք։ Ես գնալու եմ այս պատերազմը բացառելու ճանապարհով, որ մեր ժողովրդի համար խաղաղ դարաշրջան բացվի։ էդ մարդիկ, որ խոսում են, թող իրենք ասեն՝ ինչ են անելու և ոնց են անելու»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am