«Դուրս գանք փողոց, թշնամին էլ տեսնի, որ ներքաղաքական ցնցումներ են երկրում, մի հատ էլ Սիսիանով մտնեն, միջանցքը կտրեն, ի՞նչ ենք անելու». «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հրապարակային առաջարկին՝ դուրս գալ փողոց, իշխանությանը հեռացնել:
Ըստ Մարուքյանի, իրենք նման իրավիճակներում երբեք ներքաղաքական օրակարգ չեն բերում, այս պահին էլ դադարեցված են նախընտրական բոլոր գործընթացները:
«Պետք է զգոնությունը բարձրացնել եւ համախմբվել՝ ընդդեմ արտաքին թշնամու»,- ասաց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ շուտով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրվի, իրենք կհրավիրվեն եւ փակ քննարկում կունենան՝ իրավիճակը հասկանալու համար:
Նշենք, որ Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես ուզում եմ դիմել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դուք ինչի՞ եք լռում, ամեն մեկդ զբաղված եք ինչ-որ բուկլետ ու պլակատ տպելով։ Դուք հասկանո՞ւմ եք, որ վաղը կարող է ուշ լինել, և ձեր քարոզարշավը, բուկլետն ու պլակատը կարող է որևէ մեկին պետք չլինել։ Ընդդիմությունը հիմա պիտի լիներ փողոցում, ընդդիմությունը հիմա պիտի ժողովրդին արտահերթ հավաքի հրավիրեր և ներկայացներ իրավիճակը և պարտադրեին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»: