Ժամեր առաջ կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր

2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ–ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ և արնանման հետքեր: Առգրավվել են տուժողի հագուստները և վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.