Իրանի նոր առաջարկները Հայաստանին. դիմադրություն Հայաստանի հարավը զավթելու ռուս-թուրքական ծրագրին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին քննարկել են հայ-իրանական սահմանի երկայնքով միջպետական մայրուղիների կառուցման հետ կապված հարցեր: Մոհամմադ Էսլամին հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ իրականացնել փոխշահավետ նախաձեռնություններ, մասնավորապես Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը: Նա խոսել է իրանական կողմի՝ Հայաստանի հետ ճանապարհային և երկաթուղային կապերը ընդլայնելու և Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածների շինարարությանը մասնակցելու շահագրգռվածության մասին:

Հայաստանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է մի քանի անգամ իջեցնել իրանական տարանցիկ բեռների մաքսատուրքերը:

Հայաստանի հարավում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իրանի քայլն իսկապես աննախադեպ է թվում: Հատկանշական է, որ խոսքը զուտ երկկողմ բանակցությունների մասին է ՝ առանց ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի ավանդական հիշատակման:

Հայաստանն ու Իրանը միասին փորձում են դիմակայել Հայաստանի հարավը զավթելու եւ Իրանը հայաստանից կտրելու ռուս-թուրքական ծրագրին, որն անցած աշնանը մտավ գործնական փուլ: Իրանը հայտարարել է Հայաստանի հարավի բռնակցման անընդունելիության և հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին։ Միևնույն ժամանակ, պաշտոնական հաղորդագրության մեջ «հայ-իրանական սահմանի երկայնքով միջպետական մայրուղիների կառուցում» արտահայտությունը ցույց է տալիս, որ Իրանը և Հայաստանը պատրաստ են կառուցել և վերահսկել այն ճանապարհը, որը կարող է Նախիջևանը կապել Բաքվի հետ: Խնդիրը ճանապարհը չէ, այլ այն, թե ում իրավասության ներքո կլինի այդ ճանապարհը։ Իրանը ճանաչում է Հայաստանի իրավասությունը։

Իրանի ճանապարհների նախարարությունը հետևում է երկկողմ և բազմակողմ բանակցություններին ու այլ երկրների հետ փոխգործակցությանը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: «Ըստ ծրագրի՝ երկու երկրների, Իրանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք համապատասխան հարցերի շուրջ երկկողմ բանակցություններ կանցկացնեն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.