Ռուզաննան և ամուսինը ավելի քան տասը տարի փորձել են ծնող դառնալ, տարբեր մասնագետների են դիմել, բայց ամեն անգամ պատասխանը բացասական է եղել։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ռուզաննան պատմեց, որ վերջին փորձը ձեռնարկել է երկու-երեք տարի առաջ, երբ արդեն գրեթե հույս չուներ, որ կհղիանա։
«Մենք դիմեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոնում բացված հայ-իսրայելական կենտրոն։ Հետո տարբեր հետազոտություններ անցա, և ինձ ասացին, որ որևէ առողջական խնդիր չունեմ։ Մեկ տարի անց իրականացրինք արհեստական բեղմնավորման գործընթացը», — պատմեց Ռուզաննան։
Առաջին փորձով տեղադրվել են երկու սաղմեր, և կինը հղիացել է. լուրն ուրախացրել է և՛ նրան, և՛ բժիշկներին։ Իհարկե, վախեր էլ են եղել. Ռուզաննայի տարիքի պատճառով բժիշկները ենթադրել են, որ կարող են բարդություններ լինել։
Այդպես էլ եղել է, հղիության վերջին ամիսներին Ռուզաննան չի կարողացել քայլել, սայլակով է շարժվել. ծնկահոդերի խնդիրներ են ի հայտ եկել։
«Չէին կարող բուժում նշանակել հղիության պատճառով, ստիպված էի դիմանալ սարսափելի ցավերին»,-ասում է Ռուզաննան:
Արդյունքում Լևոնն ու Էմիլը ծնվել են ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, ժամը 16:55-ին և 16:58-ին: