«Սյունիքի հարցում ավելի շատ ներքաղաքական «մուխլյոժ» խաղեր եմ տեսնում»․ Կոռնիձոր ջոկատի հրամանատար

«Ես վստահ եմ, որ Սյունիքում իրավիճակը կկարգավորվի, բայց և այնպես պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Անգամ եթե նետ ու աղեղով մնանք, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի մեր հայրենիքը, տունը, ընտանիքը, պետությունը, պետականությունը պահելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամատիկ, Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

Ազատամարտիկի խոսքով ամեն դեպքում ինքը լրջագույն վտանգներ, զարգացումներ Սյունիքից չի սպասում, քանի որ այդ զարգացումների տակ այլ ենթատեքստ է տեսնում.«Ես այստեղ մի քիչ ավելի շատ քաղաքական մուխլիոժ խաղեր եմ տեսնում հայաստանյան ընդդիմադիր դաշտի և Ռուսաստանի կողմից, ավելի գեոպոլիտիկ՝ ռուս-թուրքական շրջանակի կողմից խաղ՝ ընդդեմ Ամերիկայի՝ փակել Իրանի ճանապարհը և այլն։

 

Գեոպոլիտիկ խաղերի մեջ ամեն մեկն իրենն է ուզում վերցնել։ Հետևաբար ես Սյունիքի դեպքերը համարում եմ հերթական ռազմական կապիկությունը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է պատրաստ չլինենք վատ զարգացումների։ Հակառակորդը տառապում է Հայաստանը գրավելու մոլուցքով և մենք պետք է միշտ պատրաստ լինենք դրան»,-ասաց Խուդավերդյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչն է հուշում, որ Սյունիքի դեպքերում ներքաղաքական խաղեր կան նաև, ազատամարտիկը պատասխանեց, որ Զատուլինի խոսքը ինքը համարում է հայաստանյան ընդդիմության պատվերով խոսք, որից երևում է, թե իրենք ինչ զարգացումներ են պատրաստում ընդդեմ Հայաստանի և հայաստանյան իշխանությունների։ Ուզում եք ասել՝ հայաստանյան ընդդիմությունը պատրաստ է Սյունիքը կորցնելու գնով անգամ գա՞լ իշխանության՝ հարցրինք.«Եթե հաշվի առնենք Արցախի պատերազմը, մեր կրած պարտության պատճառները, ապա հանգիստ կարող ենք ասել,որ նրանք ամեն ինչի պատրաստ են միայն թե տիրեն իշխանական աթոռին։ Ես պատերազմից հետո շատ հստակ ասել եմ, թե մեր պարտության պատճառը որն է եղել և ովքեր են եղել։

Հիմա նույն զիբիլը շարունակում է իր գործելաոճը մի բան էլ սկսել են հանդես գալ ընդդիմության անվան տակ։ Դեռ իշխանության թալանի հոտը վրաներից չի վերացել արդեն ընդդիմություն են խաղում»,-ասաց Խուդավերդյանը՝ հավելելով, որ մեկ է, նրանք իրենց նպատակին չեն հասնի, քանի որ չունեն ժողովրդի աջակցությունը։ Ժողովուրդը նրանց կողքին չի կանգնում, ժողովուրդը ապրում է իր հանապազօրյա կյաքով և բուժում է պատերազմյան վերքերը.«Ընդդիմություն խաղացողները լավ կանեն լքեն Հայաստանը։ Հայ ժողովրդի համար իրենք երբևէ լավը չեն եղել, ժողովրդի մատից մի փուշ չեն հանել, ժողովուրդը զզվում է իրենցից ու նրանց կողքին երբևէ չի կանգնի։ Այնպես որ, ես վստահ եմ, որ միանշանակ Սյունիքի միջադեպը հարթվելու է։ Բայց կրկնում եմ՝ Հայաստանը նաև պետք է ամեն րոպե, ամեն ժամ պատրաստ լինի ցանկացած զարգացման առանց խուճապի, առանց ազգաբնակչության մոտ խուճապ առաջացնելու։ Ամեն պետություն պարտավոր է որպես պետություն իր սահմանները պաշտպանելու, պետականությունը պահելու համար»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը։

Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը միանշանակ ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը և պատրաստ է հանգիստ և հանդարտ ռեժիմով քննարկումներ անցկացնելու։ Բայց և այնպես պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին։ «Պետք է պատրաստ լինենք մեր սուվերեն, ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։ Նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»,-ասել է Ավինյանը՝ հավելելով, որ ամեն դեպքուոմ հուսով է, որ Սյունիքում վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.