Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ: