«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սյունիքի Սև լճի հատվածում ստեղծված իրադրությանը:
«Երեկվանից ըստ էության էական փոփոխություն չկա: Եվ իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ մեր զինվորներ մեծ թվով ներկայություն կա: Բայց ուզում եմ ասել, որ ռազմական էսկալացիայի չի հասել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: