Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության կառավարման 3 տարվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումը, ամենաառանցքային բացթողումը, եւ եթե սկսեր նորից կամ վերընտրվեր՝ ի՞նչը կփոխեր առաջին հերթին:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
«Մեր ամենամեծ պրոբլեմն, իհարկե (այդ հարցի պատասխանը բոլորս կարծում եմ գիտենք) 44-օրյա պատերազմն է եւ այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարավաղի հարցի շուրջ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ես անընդհատ վերադառնում եմ 2018 թվական եւ փորձում եմ այն ժամանակվանից ամեն ինչ դասավորել նորից: Ես չէի ասի, թե ամեն ինչ նույնությամբ կկրկնեի, բայց մեծ հաշվով Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը եւ պրոցեսները որ տեղի են ունեցել, իմ կարծիքով 2018 թվականի ապրիլի դրությամբ մենք «Точка невозврата»-ն անցել էինք արդեն միանշանակ: Անդառնալիության կետը անցել էինք եւ ես այս ամբիոնից առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու»,- պատասխանեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների վերաբերյալ գործնականում ամեն ինչ ասված է, բայց որոշ նյուանսներ կան, որ եթե առիթի լինի՝ կխոսի:
Ինչ վերաբերում է ամենամեծ ձեռքբերմանը՝ վարչապետի թեկնածուն ասաց, որ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը մեր երկրի: «Եվ դա ի վերջո այն նպատակն էր, որի համար արվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, եւ այդ նպատակը իրագործված է»,- եզրափակեց նա: