Ոչ մի շնաձուկ պատասխան չի տվել, երկիրը թալանածները շարունակում են վայելել իրենց հարստությունը և շարունակում են մնալ ազատության մեջ

Lragir.am- ի  զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը

Պարոն Նորիկյան, այսօր գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել է, որ մինչև այս տարվա առաջին կիսամյակ ապօրինի գույքի բռնագանձման առաջին հինգ հայցերը կներկայացվեն դատարան։ Նա նշել է, որ միայն 2020 թվականին շուրջ 210 անձանց վերաբերյալ, այս պահին ևս 20-30 անձինք ավելացել են, այդքանի մասով ուսումնասիրությունների վարույթներ են իրականացվում։ Հնարավո՞ր է դատարաններից ակնկալել անաչառ քննություն։

Նախ ծանոթ չեմ հայցադիմումների բովանդակությանը և չեմ կարող ասել՝ ներկայացված հայցադիմումների հիմքերը որքանով են հիմնավոր, բայց եթե պրոցեսը սկսված է, ուշադրությամբ կհետևեմ գործերի քննությանը և դրանց վերաբերյալ դատական ակտերի կայացմանը։ Ակնհայտ է, որ դա կարևորագույն գործիք է այդ ուղղությամբ որոշակի արդյունքներ արձանագրելու համար, բայց վերջին երեք տարիների ընթացքում դատաիրավական համակարգում տիրող ճգնաժամը և ընդհանրապես վստահության հետ կապված խորը վերապահումները հնարավորություն չեն տալիս արդյունավետ գնահատելու դատական իշխանության գործունեությունը, հետևաբար, քանի դեռ մենք այդ գործերի վերաբերյալ չունենք շոշափելի արդյունքներ, չեմ կարող այս պահին ասել, թե դրանք ինչպիսի ընթացք կունենան։ Նաև ցանկալի կլինի, որ դատախազությունը մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնի թույլատրելիության սահմաններում, թե ինչպիսի ընտրանքով են որոշվել այդ գործերը, մնացած 200 գործերը որ փուլում են, և երբ է նախատեսվում դրանք դատարան ներկայացնելը և հետագա քայլերի հաջորդականությունը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ընդհանրապես ընթացքն ինչպիսին է։

Այս քայլերը նախընտրական շրջանում կարո՞ղ են որակի ճնշում դիտարկվել։

Յուրաքանչյուրը կարող է յուրովի գնահատել ներկայացված հայցերը։ Կտրականապես դեմ եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ պարունակի կոռուպցիայի դեմ պայքարը, հանցագործների դեմ պետք է պայքարել օրենքով՝ անկախ նրանից, թե այդ հանցագործներն այսօր քաղաքական ինչպիսի շապիկներ են հագել և ինչպես են փորձում պաշտպանվել։ Ցավոք սրտի, ես այստեղ որևէ լավ բան չունեմ ասելու, նախորդ տարիների արդյունքները հիասթափեցնող են, թույլ չեն տալիս գնահատելու այդ աշխատանքը։ Թվաբանական արդյունքներ ցույց տալը, որ այսքան տարի հարուցվել է այսքան քրեական գործ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, այսքան վնաս է վերականգնվել, մարդիկ կոնկրետ ուզում են տեսնել այս երկրի հերն անիծած շնագայլերը պատասխան տալո՞ւ են, թե ոչ։ Ակնհայտ է, որ ոչ մի շնաձուկ պատասխան չի տվել, երկիրը թալանածները շարունակում են վայելել իրենց հարստությունը և շարունակում են մնալ ազատության մեջ։ Ավելին, օգտվելով ստեղծված «բարենպաստ» պայմաններից՝ քաղաքական իշխանության վերադառնալու հայտ են ներկայացրել, քաղաքական դաշտում մրցակցություն են առաջացրել, մինչդեռ այդ մարդիկ պետք է բանտում լինեին, պետք է պատասխան տային իրենց արարքների համար, նախորդ 30 տարիներին երկրի ունեցվածքը լափելու համար։ Եվ այս ֆոնին իրավապահ համակարգի աշխատանքն անվստահություն է ներշնչում, և ես չեմ կարծում, որ այս իրավապահ համակարգով մենք ունակ ենք լինելու որևէ արդյունավետ գործունեություն իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև նախ չկա այդ կամքը, երկրորդ՝ այդքան պատահականություններ չէին կարող լինել մարդկանց քրեական պատասխանատվությունից խուսափելու համար և երրորդ՝ կյանքը ցույց կտա, որ այս գործընթացում էլ մենք արդյունքի չենք հասնելու, եթե այս նույն ձեռագրով ենք շարունակելու։

Դատախազը նշել է, որ այս գործերի հետ կապված կան որոշակի խութեր։ Ի՞նչ կարող է դա նշանակել։

Չեմ կարող ասել՝ խութեր ասելով գլխավոր դատախազն ինչ նկատի ունի, բայց իրավական խութերը, որոնք կարող են խոչընդոտել այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար, թող բարի լինեին ժամանակին օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշակի կարգավորեին այն բոլոր խոչընդոտները, որոնք այսօր կան։ Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018-ի ապրիլի 23-ի դրությամբ գործող օրեսդրությունը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի մերժման և նրա՝ հրաժարական տալու օրվա դրությամբ մեր քրեական օրենսդրությունը լիովին բավարար էր բոլոր հանցագործներին հայտնաբերելու, պատժելու և պետությանն ու հասարակությանը հասցված վնասները վերականգնելու համար։ Թող սիրուն բաժակաճառեր չասեն մեր ժողովրդին։ Ակնհայտ է, որ տապալել են կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ժամանակ էլ ինչ-որ դպրոցի տնօրեններ էին պատժվում, ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրեններ էին պատժվում, և հիմա երբ հայտարարում են 200 և ավելի գործերի մասին, ես ուզում եմ հարցնել՝ ո՞ւր են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի, Երվանդ Զախարյանի, Տարոն Մարգարյանի, Սուրիկ Խաչատրյանի գործերը, այդ ցուցակները հրապարակեք, մեզ լոլոներ մի կարդացեք, հրապարակեք Սերժ Սարգսյանի եղբայրների և Քոչարյանի որդու գործերը։ Եվ հատիկ –հատիկ ցույց տվեք, թե ինչպես եք տապալել յուրաքանչյուր այսպիսի գործ․․․ գեղեցիկ գիտահետազոտական բնույթի ելույթներ ունենալ և իրավական տերմիններով խեղդել մարդկանց և ցույց տալ, թե իբր աշխատանք եք կատարում, մարդիկ կոնկրետ արդյունք են ուզում, հանցագործները պատժվե՞լ են մեր երկրում․․․ոչ, մեր երկրում վխտում են հանցագործները, ընդհանրապես պատասխանատվության ինստիտուտն է ոչնչացված մեր երկրում, իսկ արդյունքն էլ այս կրիտիկական վիճակն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.