Սկանդալային խոստովանություն Մոսկվայից. Կրեմլում զգացել են Հայաստանի մտրակի ուժը

Lragir.am-ը գրում է. Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման Կրեմլի արձագանքը, ավելի ճիշտ շփոթմունքը վեր է ածվել տրագիկոմեդիայի: Կրեմլի խոսնակը նախ հայտարարեց, որ դա ԱՄՆ ներքին գործն է, ապա հայտարարեց, թե դա «Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է: Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»: Այսպիսով, Կրեմլը փաստորեն պաշտոնապես ժխտեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքերի հետ համատեղ ներկայում Հայաստանի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնող Կրեմլը անկեղծորեն խոստովանում է իր իրական դիրքորոշումը: Մյուս կողմից, քանի որ իր գործողությունները Կրեմլը փորձում է արդարացնել «ամերիկյան դավադրությամբ» եւ թուրքերի հետ համատեղ հակաարեւմտյան կուրսով, Բայդենի որոշումը Մոսկվային ու այս թեմայով երեւանյան նրա սազանդարներին զրկում է այս փաստարկից եւս:

Պուտինի խոսնակի հայտարարություններին արձագանքը ռուսական մամուլում ուշագրավ էր: Պեսկովի հայտարարությունը նախ ներկայացրին որպես Պուտինի կարծիք, իսկ արձագանքից հետո ապահովագրեցին «սեփական կարծիքով». ռուս ընթերցողի համար գործն արված է՝ Պուտինն ատում է հայերին ու սիրում թուրքերին: Պարզ է, որ ինչպես Պուտինն է մի առիթով ասել՝ «երբեմն քամի անող» Պեսկովը արտահայտել է հենց Կրեմլի դիրքորոշումը: Պուտինը 20 տարի չի արտաբերել ցեղասպանություն բառը, իսկ Բայդենի որոշման նախօրեին Մոսկվան Անկարային «մատակարարել» էր հակափաստարկներ, որոնք թուրքական կողմը ներկայացրել էր Բայդենի վարչակազմին: Այդ 4 կետերի հանրագումարը հենց Պեսկովի հայտարարությունն է: Սակայն ռուսական մամուլում հրապարակված արձագանքներում առավել ուշագրավն այն է, որ Պեսկովն ամերիկյան բլիթը ներկայացրել է Հայաստանի համար: Իսկ ամերիկյան մտրակի հասցեատերը «Ֆրեյդով» կամ էլ գիտակցաբար Կրեմլում շատ լավ հասկացել են՝ դա ռուս-թուրքական տանդեմն է ռուսական «գերակայությամբ», որը Հայաստանի դեմ իրագործում է մասնատման ու ինքնիշխանության վերացման ծրագիրը: Բայդենի որոշումից հետո ամերիկյան պաշտոնական հայտարարություններում հստակ խոսվում էր Հայաստանի ինքնիշխանության, ամբողջության եւ մասնավորապես Սյունիքի մարզի մասին: Բայդենի որոշումը մտրակ էլ չէ, այլ ավելի ծանր բան, եւ Կրեմլում դա զգացել են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.