Չմերժելով Սերժին. ինչու Արթուր Վանեցյանը խոսքի տերը չեղավ

Արթուր Վանեցյանը, որի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսել էին իր, վարչապետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, ում պաշտոնավարման օրոք աննախադեպ դեպք էր տեղի ունեցել՝ ԱԱԾ-ից անհետացել են խիստ գաղտնի փաստաթղթեր, և ում օրոք Հայաստանից փախել են խոշոր ֆինանսական չարաշահումների և Մարտի 1-ի գործով մեղադրող նախկին պաշտոնյաներ, դաշինք է կնքել Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ։

Վանեցյանը հանրությանը ճանաչելի դարձավ, երբ թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց ԱԱԾ տնօրեն, իսկ այդ հեղափոխության գլխավոր կարգախոսն ու նպատակն էր՝ «Մերժիր Սերժին»: Պաշտոնավարման ընթացքում նա աչքի ընկավ հատուկ ծառայության ղեկավարին ոչ բնորոշ ակտիվությամբ՝ բաց չէր թողնում լրագրողների հարցերին պատասխանելու ոչ մի առիթ:

ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանն իրեն կոչում էր Նիկոլ Փաշինյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, նաև մեծ ձեռքբերում էր համարում այն, որ խոշոր գումարները, որոնք նախկինների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի մերձավորների թալանի անվան տակ հետ էին վերադարձվում բյուջե: Վանեցյանի պաշտոնավարման օրոք ԱԱԾ-ն չարաշահման սկանդալային բացահայտումների մասին է հայտարարել՝ կապված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի, փեսայի՝ Միքայել Մինասյանի և այլ մերձավորների հետ: ՀՀԿ-ի և Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քաղաքական միությունն այս ամենի ֆոնին, մեղմ ասած, տարակուսելի է թվում: Բայց այստեղ կա կարևոր մեկ այլ հարց՝ ինչպե՞ս կարող է 20 տարի ԱԱԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած անձը դաշինք կազմել պաշտոնաթող նախագահի ղեկավարած ուժի հետ, երբ իր իսկ ղեկավարած ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին շրջապատող առանցքային դեմքերի կոռուպցիոների պիտակ է կպցրել:

Մանրամասները՝ Factor.tv-ի տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.