2020 թվականի փետրվարի 5-ին մի շարք լրատվամիջոցների խմբագրերի հետ հանդիպմանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում՝ ցանկանալով ձեւավորել մի քաղաքական ուժ, որը կմիավորի գործող իշխանություններից դժգոհ, սակայն անցյալի վերադարձը չցանկացող զանգվածին:
«Վերադարձ անցյալին երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի»,- ընդգծել էր նորահայտ քաղաքական գործիչը։
Ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այդ օրվանից: Եվ ահա երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Արմեն Աշոտյանը հայտարարությամբ հանդես եկավ. «ՀՀԿ-ն որոշում է կայացրել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին: Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»:
Ստացվում է, որ 1 տարի առաջ անցյալի վերադարձի դեմ պայքարող Վանեցյանն այսօր իշխանության է ուզում բերել ոչ վաղ անցյալի իշխանություններին: Քաղաքական գործչի սկզբունքայնության մասին գնահատականը թողնում ենք ընթերցողներին, թեեւ շատերը երեկվանից ողողել են համացանցը այդ մասին հիշեցումներով: