Հայերի դեմ երրորդ «Կոլցոն» դառնալու է վերջին մեխը Ռուսաստանի դագաղին

Lragir.am-ը գրում է.  30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակն իրականացրեց Մոսկվայում մշակված «Կոլցո» (Օղակ) գործողությունը, խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ կիրառելով ծանր տեխնիկա եւ օդուժ: Նկատի առնենք՝ սեփական խաղաղ բնակչության դեմ՝ այդ ժամանակ դեռեւս գոյություն ուներ Խորհրդային Միությունը: Գործողության արդյունքում  դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։

Ղարաբաղ մտցվեցին խորհրդային բանակի եւ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք բացահայտ աջակցություն էին ցույց տալիս Բաքվին: ՆԳՆ ստորաբաժանումները մտնում էին հայկական բնակավայրեր, խուզարկություններ կատարում եւ գերեվարում մարդկանց, նրանց վաճառելով թուրքերին, փակում ամբողջ բնակավայրեր, կատարելով Բաքվի պահանջները վարձատրության դիմաց:

Ապրիլի 30-ին տեղի էր ունեցել ԽՍՀՄ անվտանգության խորհրդի նիստ Գորբաչովի գլխավորությամբ, որտեղ ընդունվել է գործողությունը սկսելու որոշումը: Առավոտյան խորհրդային ստորաբաժանումները սկսել են Գետաշենի ու Մարտունաշենի գնդակոծությունը տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում հրետանուց: Նրանց աջակցությամբ Բաքվի օմօնը մտել է գյուղեր եւ սկսել ջարդն ու ավերածությունները: Սպանվել է 17 մարդ, վիրավորվել են տասնյակ հայեր, այդ թվում երեխաներ: Իրադարձությունների ընթացքը փաստաթղթավորված է:

Կոլցո գործողությունը տարածվել է նաեւ խորհրդային Հայաստանի վրա: Խորհրդային 4-րդ բանակի ստորաբաժանումները ավերել են Ոսկեպար գյուղը: Նոյեմբերյանի շրջանում 40 պատանդ է վերցվել: Ուղղաթիռներից գնդակոծվել են նաեւ Գորիսի շրջանի գյուղերը, Շուռնուխից դուրս են բերել բոլոր տղամարդկանց, իբր որպես գրոհայինների:

30 տարի անց Ռուսաստանը փորձում է ավարտին հասցնել «Կոլցո» գործողությունը Հայաստանի Արցախի ու Սյունիքի հատվածներում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում: Հայաստանի այս տարածքները Ռուսաստանի համար էքզիստենցիալ նշանակություն ունեն, եւ հայկական ինքնիշխանությունն այս տարածքներում մահացու է Ռուսաստանի համար:

1990-ականների Ռուսաստանի երկու պատժիչ արշավանքները հայերի դեմ արժեցան երկրի փլուզումն ու հանգեցրին զորքերի դուրսբերմանը, որից հետո հաջողվեց ազատագրել Արցախի մի մասը:

Ռուսաստանի ներկայիս՝ երրորդ «Կոլցո» դառնալու է վերջին մեխը Ռուսաստանի դագաղին, իսկ օկուպացված տարածքները կրկին հայկական են դառնալու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.