ՊԵԿ-ը բացահայտել է հարկային հանցագործության հերթական դեպքը

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեն հերթական անգամ հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։ Սակայն, ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտի և օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:

Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձևակերպել է որպես իրացում նաև 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ, դրա համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու և չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 209-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մինչ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը, քաղաքացին աշխատել է Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 բաժնում հաշվառված ՍՊ ընկերության` Աբովյան քաղաքում գտնվող օղու արտադրամասում: Աշխատանքի առաջարկը ստացել է իր բարեկամից, ով հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը: Քրեական գործով կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլ ամսին քաղաքացու ազգականին հանդիպել է ընկերության իրական շահառուն և հայտնել, որ քիչ հարկեր վճարելու նպատակով անհրաժեշտ է վստահելի անձ՝ անհատ ձեռնարկատեր հաշվառելու և գործունեությունն այդ Ա/Ձ-ի միջոցով շարունակելու համար: Ընկերության իրական շահառուի առաջարկով և իր ազգականի խնդրանքով քաղաքացին համաձայնել է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչի համար նրանց է տվել իր նույնականացման քարտը, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ գործունեություն է ծավալվել: Իր անվամբ գործունեություն ծավալելու համար իրեն խոստացել են վճարել ամսական 20.000 ՀՀ դրամ գումար: Սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է ընկերության իրական շահառուին: Խմիչքները պատրաստվել են սովորական սպիրտից, արտադրամասում սպիրտին ավելացվել են մրգային հավելումներ, արտադրության ընթացքում երբևէ մրգային սպիրտ չի օգտագործվել:

Ակնհայտ է, որ նման կարգի հարկային հանցագործությունը չէր կարող ստվերում երկար մնալ, և կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին՝ գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու գործում։ Վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.