Ազատություն հայ ռազմագերիներին. բողոքի լուռ ակցիա աշխարհի 30 քաղաքներում

Այսօր՝ ապրիլի 30-ին, աշխարհի շուրջ 30 քաղաքներում հերթական համահայկական ակցիան է իրականացվում հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջով:

 

Նախաձեռնությունը սփյուռքի հայ համայնքինն է, և սա թվով երկրորդ ակցիան է: Նախորդ լուռ ակցիան իրականացվել է ապրիլի 15-ին՝ աշխարհի 15 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:

Ըստ նախաձեռնության անդամների՝ Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր դեռևս պահվում են իրենց բանտերում՝ Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ հայտատրարության խախտմամբ: Ուստի այսօր համաշխարհային լուռ բողոքի ակցիայով կրկին պահանջվում է վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

Բողոքի ակցիան սկսվել է ժամը 11-ին՝ Ազգային ժողովի շենքի մոտից։ Հավաքին կհաջորդի երթ/ավտոերթը՝ Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների մոտով, որը կմեկնարկի Բաղրամյան պողոտայից։

«Պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումն անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի»,- նշել են նախաձեռնության անդամները:

Ակցիային միացել են նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների ընտանիքի անդամներն ու հարազատները, այդ թվում՝ շիրակցիներ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.