«Արդեն իսկ հայտարարել ենք, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու, որեւէ անակնկալ չի լինելու։
Մայիսի երեքին որեւէ անակնկալ չի լինելու։ Մենք գնում ենք ընտրությունների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ մայիսի երեքին ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 3-ի նիստում ԱԺ-ն պետք է վարչապետ չընտրի, որպեսզի խորհրդարանը լուծարվի։
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գրեթե ավարտել ենք նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները։ Հունիսի 20-ի ընտրություններին գնում ենք հաղթելու, հաղթանակի դեպքում Ծառուկյանին որպես թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ։
Պարոն Ծառուկյանն անձամբ ղեկավարում է նախապատրաստական աշխատանքները եւ առանձին ոլորտների հետ կապված թեզերն առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը»,-տեղեկացրեց Իվետա Տոնոյանը։ Նա հավելեց, որ նախընտրական ցուցակի մանրամասներին այս պահին չեն անդրադառնում, առավել կարեւորում են նախընտրական ծրագիրը։