«ֆեյք է»․ Շարմազանովը՝ Ջո Բայդենի՝ Ցեղասպանություն բառը չշոշափելու Սերժ Սարգսյանի խնդրանքը բացահայտելու մասին.

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պատմում է, թե ինչպես է 2010-ին Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել չշոշափել Ցեղասպանության հարցը, որովհետև դա կարող էր ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Հիշեցնենք, որ մինչ այդ՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր հայ-թուրքական արձանագրությունները։ Դրանք նախաստորագրվեցին 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում։ Խոսքը՝ 2 փաստաթղթի մասին է՝«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»։ Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև։ Արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 2018 թվականի մարտի 1-ին։
 
Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց Հանրապետական կուսակցության խոսնակ էդուրադ Շարմազանովից։ 

-Պարոն Շարմազանով, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ասում է, թե 2010 թվականին Սերժ Սարգսյանը իրեն խնդրել է չշոշափել Ցեղասպանության հարցը, որը կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դա։ 

-Դա հիմարություն է։

-Ուզում եք ասել՝ տեսանյութը ֆե՞յք է։

-Իհարկե։ Դա հիմարություն է։ Սերժ Սարգսյանը Ջո Բայդենին ուղերձ է հղել և այնտեղ շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Ծանոթացեք երրորդ նախագահի՝ ապրիլի 24-ին տարածած հաղորդագրությանը և կտեսնեք։

-Իսկ ի՞նչ եք կարծում, սա Հայաստանին ի՞նչ կտա։

-Ես ողջունում եմ Ջո Բայդենի հայտարարությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ դատի գրասենյակին, մեր ազգային համայնքի ներկայացուցիչներին և դա բացառապես մեր ամերիկահայ եղբայրների և քույրերի, «Հայ դատի» աշխատակիցների տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք է և եթե Հայաստանում կա մեկը ում ձեռք չի տալիս այս հայտարարությունը, ապա դա նիկոլական, կապիտուլյանտական ռեժիմն է։ 

-Պարոն Շարմազանով, բայց այդպիսի քննադատական հայտարարություններ հնչել են հենց ընդդիմադիր շրջանակներից։

-Ես իմ կարծիքն եմ արտահայտում։ Հիմա ամեն մեկը իր կարծիքն է արտահայտել։ Ես դրական եմ գնահատում։ Ինչպե՞ս կարելի է ցեղասպանության ճանաչումը բացասական գնահատել։ Եթե որևէ մեկը կա, որն ասում է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը վնասում է Հայաստանի շահերին, ապա դա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկող է։

-Բայդենի հայտարարությունը նշանակու՞մ է, որ Հայաստանի համար արտաքին հարաբերություններում բալանս պահելու շանս է տրվել։

-Սա արտաքին հարաբերություններում որոշակի հնարավորություն է տալիս, բայց այս ապիկար իշխանությունը այդ հնարավորությունից չի կարող օգտվել։ Սրանք Բայդենի հայտարարությունից տխրել են, սգի մեջ են։

-Բայց, հակառակը, սա հաղթանակ են որակում, վարչապետը ողջունել է Ջո Բայդենի քայլը, գրառում է կատարել, շնորհակալություն է հայտնել։

-Վարչապետը բա ի՞նչ պետք է աներ, պետք է ասեր չեմ ողջունու՞մ։ Բայց լավ իմանալով իր քաղաքականությունը, նա տխրել էր։ 

-Պարոն Շարմազանով, վերադառնալով տարածված տեսանյութին, որը Դուք նշեցիք, որ ֆեյք է, ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են այն սարքել։

-Ովքե՞ր էին սարքում, որ ես կղզի ունեմ Հունաստանում։ Նույն մարդիկ։ Այդ հիմարությունները մեկնաբանման կարիք չունեն։

Վովա Հակոբյան

Հ․Գ․ Ներկայացնում ենք տեսանյութը, որում ԱՄՆ նախագահը խոսում է Սերժ Սարգսյանի զանգի մասին։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.