Արցախի հերոսին ասել են՝ պետպատվերով վիրահատվելու իրավունք չունի, հետո զանգել, ներողություն են խնդրել

Ադրբեջանի դեմ մղված 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, Էդգար Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։

«Էսօր ինձ զանգում են Առողջապահության նախարարությունից ու ասում են դուք վիրահատության համար պետ. պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք, «էլ ինչ եք ուզում»: Ուրեմն կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տափեւիկ Պապիկյանին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն Չ’պատճառելու համար։

Հա ու նշեմ. ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության այդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենաի գտնեի իրան: Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»,-գրել է Էդգար Մարկոսյանը՝ կից հրապարակելով վնասվածքը ծառայության (պատերազմի) ընթացքում ստացնալը հաստատող փաստաթուղթը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանելով՝ վստահեցրեց, որ տեղի ունեցածը սխալմունք է եւ որ Էդգար Մարկոսյանը կվիրահատվի պետական պատվերով՝ անվճար: Խոսնակը նշեց, որ նախարարի անհատական հրամանը ընթացքի մեջ է, պարզապես երիտասարդին սխալ տեղեկություն է փոխանցվել եւ շփոթություն է առաջացել:

Հիշեցնենք՝ Էդգար Մարկոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 4-ի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել: Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել էր 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:

Էդգարը Մարկոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է. Երբ պոլիտեխնիկական համալսարանի էջում հրապարակվել էր ուսանողի կոչում ստանալու մասին լուրը, քաղաքացիները բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել։ Ուշագրավ էր դրանցից մեկը․ «Ժամկետային զինծառայող, 1998 թ-ին ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է, էն էլ նոր Արցախի նախագահը երեխուն «վառեց» ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ 10 տանկ ոչնչացնելու համար: Փառք ու պատիվ, շնորհակալ ենք»:

Հ.Գ. Ավելի ուշ Էդգարը եւս մեկ գրառում արեց: «Ընկերներ ջան չէի սպասում, որ նման արձագանք կգտնի էս ամենը, բայց ասեմ ՀՀ առողջապահության նախարարությունից ինձ զանգեց աշխատակազմի ղեկավար Վարդուհին, հետո էլ էն մարդը, ով ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց, շնորհակալ եմ, որ մտահոգվեցիք ու նման արձագանք գտավ խնդիրս)»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.