Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
«Այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես 2 անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու», - ասաց նա` հայտարարելով, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ իշխող խմբակցությունն էլ թեկնածու չի ընտրի:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, խորհրդարանական 2` ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ հանդիպումներից հետո հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Այսօրվա ուղերձում Փաշինյանն ասաց, որ անցյալի ու ներկայի վերաբերյալ իր գնահատականները տալու հերթը ժողովրդինն է, և այդ հնարավորությունն ստեղծելու համար են նախատեսվող ընտրությունները: Շեշտեց` «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, ինքը լինելու է վարչապետի թեկնածուն. «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»: