Թշնամին երբեք չի փոխվել եւ չի էլ փոխվելու. Այս ամենից խուսափելու համար մենք պետք է լինենք համախմբված, հզոր, ունենաք նորմալ պետություն, հզոր բանակ, որ նման արհավիրքների առջեւ չկանգնենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունը բարեկամանալու կոչեր է հնչեցնում, նա արձագանքեց. «Ես Միքայելյան Սասունն եմ, ես չեմ եկել այստեղ վերլուծեմ՝ ով ինչ է ասում: Հարցն ինձ ուղղեք: Ես ասում եմ, որպես պատերազմ անցած մարդ, որ մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքն է եւ միշտ պետք է փայստը ձեռքներիս լինի: Ցավոք սրտի, չկարողացանք պատմությունից դասեր քաղել որ այս օրին ենք հասել: Մենք կարողացանք 20-րդ դարի վերջին ի դեմս Վազգեն Սարգսյանի համախմբվել, տանել հաղթանակ»,-ասաց նա:
Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում ԳՇ-ում ստեղծված իրավիճակը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ինձ մտահոգում է ամեն ինչ էս երկրի հետ կապված: ԵԿՄ-ն մինչեւ էսօր սահմաններին է, Սյունիքում է: Պատերազմի սկզբից մինչեւ էսօր ԵԿՄ-ն սահմաններից դուրս չի եկել: Այսօր հերթափոխ է լինելու»:
Անդրադառնալով վարչապետի Սյունիքի այցի ժամանակ տեղի ունեցածին, նա ասաց, որ դա կազմակերպված էր. «Նախ դա մի քանի մարդու ձեռագիր էր, որը ինչ-որ տեղ գալիս է նախորդ ինչ-որ մարդկանցից, որ ուզում են վերարտադրվել: Ավելի ճիշտ կլիներ, որ սյունեցիք հավաքվեին եւ վարչապետի առջեւ հարց դնեին, ասեին՝ պարոն վարչապետ, մեր տարածաշրջանում ինչ է կատարվելու: Մենք պետք է կարողանանք գալ քաղաքական դաշտ: Եթե չկարողանանք գալ քաղաքական դաշտ, ա աբռնությունները, պահի տակ ոգեւորվելը հատկապես այս վիճակում, մեզ ավելի վատ բաների առջեւ կկանգնեցնի»: