Ապրիլի 20-ին՝ ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ:
Բժիշկներին, սակայն, մնում էր միայն արձանագրել կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ:
Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր մեկնեցին Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: Համատեղ միջոցառումներով էլ պարզվեց, որ դեպքը կատարվել է Շիրակացու փողոցում. կինը վնասվածքը ստացել էր հարևանի տնակում:
Ըստ նախնական տեղեկության` ամուսինը վերադարձել էր տուն, կնոջը չգտնելով` գնացել էր հարևանի տնակ, վիճել կնոջ հետ և դանակահարել նրան:
Ահազանգից կես ժամ անց 69-ամյա ամուսինը բերման ենթարկվեց Մուշի բաժին, խոստովանեց արարքը և ձերբակալվեց:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: