«5165». Հայաստանում միայն թվերից կազմված անունով կուսակցություն կհիմնվի

Հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստանում կուսակցաշինական բումը լայն թափով շարունակվում է:

Դա է վկայում «Ազդարար» կայքում ամեն օր նոր անվանումների ավելացումը: 

Հետաքրքրական է, որ ամպագոռգոռ եւ հայրենասիրական անվանումների կողքին ի հայտ է եկել նաեւ թվերից կազմված անուն: 

«5165». այսպես է կոչվելու կուսակցությունը, որի համագումարը նշանակված է ապրիլի 25-ին «Մարիոթ» հյուրանոցում: Արդարադատության նախարարության Պետռեգիստրից տեղեկացանք, որ ամբողջապես միայն թվերից կազմված անվանումով կուսակցություն այս պահին չկա: Սա նշանակում է, որ «5165»-ը առաջինն է լինելու:

Կուսակցության նախաձեռնողները ի սկզբանե «Ազդարար» կայքում հրապարակել էին այլ անվանում՝ «Վան ազգային-պահպանողական կուսակցություն»: Սակայն այսօր նույն կայքից տեղեկացանք, որ անվան փոփոխություն է տեղի ունեցել:

Թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, եւ ինչու է ընտրվել «5165» անվանումը, կուսակցությունից հրաժարվեցին մեկնաբանել: Մեր հարցմանն ի պատասխան՝ նաեւ չհայտնեցին, թե ով է կուսակցության հիմնադրողը, ովքեր են լինելու անդամները: «Ամեն ինչ համագումարին»,- ասացին գրասենյակից:

5165 մետրը Արարատ լեռան բարձրությունն է: Ենթադրվում է, որ հենց սրա համար է կուսակցության համար ընտրվել այդ անունը:  

Ինչ վերաբերում է նորահայտ կուսակցության անելիքներին, այդ մասին տեղեկանում ենք նրանց կանոնադրությունից. 

«Զարգացնել պետությունը բացառապես ազգային ու պետական շահի, արդարության ու իրավահավասարության սկզբունքներով:

• «Հայրենիքի վերադարձը» և «վերադարձը Հայրենիք» գաղափարները դրոշմել ներկա ու գալիք սերունդների մտածողության, նպատակների ու առաջնահերթությունների շարքում

• Ապահովել անվտանգային համակարգերի անխափան գործունեությունը բոլոր բնագավառներում:

• Կայացնել մարտունակ ու գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բանակ և մարտական բարձր պատրաստվածություն ունեցող ակտիվ պահեստազոր...»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.