«Ալիևը նախ թող ասի, թե իր ապուպապը որտեղի բնակիչ են…». Խաչատրյանը՝ Զանգեզուրի շուրջ նկրտումների մասին

Ալիևի բացարձակ ցինիզմն ու պոռոտախոսությունը՝ Զանգեզուրն ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու վերաբերյալ, կապում եմ նրա հոգեվիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ես հարցով կպատասխանեմ Ալիևի այդ հոխորտանքին, նա թող ասի, թե իր պապն ու ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել: Հաստատ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, որովհետև իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն չունի, որ անունը դնեին Ադրբեջան»,- ասաց Արմեն խաչատրյանը: Շարունակո՞ւմ է պնդել, որ Սյունիքն անվտանգ է, այս հարցին ի պատասխան Արմեն Խաչատրյանը նշեց. «Սյունիքում լինում եմ ամեն շաբաթ, չգիտեմ՝ այդ որ լրատվամիջոցն է ասել, որ գիշերով եմ գնում, այո, եթե աշխատանքից հետո եմ գնում, ապա գիշերով եմ հասնում: Ինչ վերաբերում է Սյունիքի անվտանգությանը, ապա կարող եք ավելի գիտական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե միջանցքներում և այստեղ-այնտեղ մարդիկ գտնել, որ խիստ շահագրգրռված են խոսել, այլ անձամբ գնալ Սյունիք և մոնիտորինգ անել՝ այնտեղ անվտա՞նգ է, թե՞ ոչ: Սյունիքում խնդիրները բազմաթիվ են, այն դարձել է անմիջական սահման, այդ սահմանի հետ կապված մեծ աշխատանք կա անելու:

Իհարկե, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց, քանի որ շատ աշխատանքներ կան անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, հենակետերի ավելացում և այլն: Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի»։ Դիտարկմանը, որ Սյունիքում ադրբեջանցի զինվորները բնակիչների մեքենաների վրա են քարեր նետում, կովեր են գողանում, Արմեն Խաչատրյանը նշեց,որ կովերի փաստով ուսումնասիրություններ են արվում: Հետևաբար, որպեսզի նման դեպքեր այլևս չլինեն, այնտեղ շատ մեծ աշխատանք կա անելու:

Մանրամասները՝ Factor.tv տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.