Ապրիլի 6-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քննչական դեպարտամենտում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:
Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստան եւ Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Արդյունքում, ստացել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի Արցախի Հանրապետության տեղեկություններ տրամադրել: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
Այսպիսով, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի է դարձել, թե ովքեր են վերոնշյալ անձինք: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալի աթոռին են հայտնվել Լոռու մարզի բնակիչներ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մայիս Սահակյանը կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության և արտաքին անվտանգության: Մայիս Սահակյանը կալանավորված է, իսկ Ստելլա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: