Տևական ժամանակ է, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան 43 շենքի բնակիչները սպասում են, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան վարչության աշխատակիցները երբ են բնակիչներին տված իրենց խոստումները կատարելու։
Երեկ՝ ապրիլի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում 10 հարկանի շենքի բնակիչներն ասում էին. «Շենքն ունի մեծ թվով բնակիչներ, սակայն, եթե Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոնի թաղապետարանը հետևություններ չանեն և մեր բարձրացրած խնդիրները չլուծեն, անգամ ամիսների ընթացքում շենքը կդառնա վթարային։
Շենքի նկուղներում արդեն դարն ապրած ջրախողովակների փտելու հետևանքով ջրի արտահոսք է սկսվել։ Դիմել ենք թաղապետարան, խոստացան, որ խնդիրը կլուծեն, սակայն ստացվեց, որ նրանց խոսքը ջրի նման գնում է, ավազի նման մնում, իսկ ջուրը, լցվելով նկուղներ, խարխլում է շենքի հիմքերը։ Երևի մտածում են, թե մի քանի տարի կձգեն, սակայն երկրորդ դասարայի աշակերտն էլ անգամ գիտի, որ եթե ջրի դեմը չառնես, ջուրն իր ճամփով կգնա՝ ոչ մի բանի դեմ կանգ չառնելով։
Մուտքերում էլեկտրական լարերը դարձել են մի իսկական պատուհաս։ Դրա համար էլ ենք դիմել, որ այդ խնդիրը լուծեն, քանի որ չկա երաշխիք, որ մի օր ինչ-որ մեկը այդ բաց էլեկտրալարերի պատճառով չի հոսանքահարվի։ Հիմա չգիտենք՝ էլ ում դիմենք. քաղաքապետարանը գցում է թաղապետարանի վրա, թաղապետարանն էլ խոստանում է, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Բազմաբնակարանային շենք է, եթե հիմիկվանից չկարգավորվի խնդիրը, վաղը մեր շենքն էլ է դառնալու վթարային ու հայտնվելու ենք փողոցում։ Էդ ժամանակ, եթե ուզենան էլ մի բան անեն, ոչ մի օգուտ։ Էն, որ ասում են՝ ձուկը գլխից է հոտում, էս դեպքում է երևի ասված, եթե գլխից չբուժեք, էլ ո՞ւմ ա պետք, որ հետո խառնվելու եք իրար»։
Բնակիչները հույսները կապել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, որ երևի, վերջապես, քաղաքապետարանն ու թաղապետարանը մի բան կանեն։