Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է վերադարձնել հայ գերիներին․ ինչու է Մոսկվան հերքում այդ փաստը

Երեկ  սպասվում էր, որ Բաքվից Երևան է գալու հայ գերիների հերթական խմբաքանակը, սակայն  Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը դատարկ է եկել և ինքնաթիռում միայն Մուրադովն է եղել։

Սա այն պարագայում, երբ Civic.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը համաձայնություն էր տվել վերադարձնել 15 գերիների։

 

Օդանավակայանում նրանց սպասում էին հարազատները, որոնք, իմանալով կատարվածի մասին, հուսախաբ եղան և տարակուսած որոշեցին գնալ ՊՆ՝ բողոքի ակցիայի։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցածին, երբ փաստացի վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել էր վերադարձնել գերիներին, ասաց, որ գերիների վերադարձի շուրջ զրույցը տեղի է ունեցել հրապարակային՝ Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև, դրան հաջորդել է հեռախոսազրույց Պուտինի և Ալիևի միջև ու Ադրբեջան է մեկնել ինքնաթիռ, որը պետք է բերեր գերիներին։

«Համենայն դեպս, եթե Մուրադովն ասում է, թե պորվոկացիա է եղել, ապա պետք է պարազաբանի, թե որն է պրովոկացիան։ Պետք է պարզաբանվի, թե ինչի համար էր ինքնաթիռը գնացել Բաքու, ինքը ինչու էր գնացել, ինչու միայնակ վերադարձավ։ Իսկ եթե սովորական աշխատանքային այց է եղել, ապա ինքը կարող էր երեկ, երբ ինքնաթիռը դեռ չէր մեկնել, տեղյակ պահել, պարզաբանել, որ գերիների վերադարձի հարց չկա և իրենք այլ առաքելությամբ են մեկնում Ադրբեջան։ Այդ պարագայում նման աղմուկ չէր լինի»,- ընդգծեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ինքը համոզված է, որ Ռուսաստանում ուրախ չեն, որ Ալիևը չի կատարում իր խոստումը։

«Բացի դա՝ ինձ չի թվում, որ Ռուսաստանում չեն հասկանում, որ այսպիսով մեծ հարված է հասցվում նաև ռուսական խաղաղապահությանը»,- եզրափակեց Սաֆարյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.