Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Մեր թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։ Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Մեր օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը, գրում է Հրապարակը։
Եթե գերիների վերադարձի խնդիրը սադրանք ու թյուրիմացություն էր, ինչո՞ւ է Մուրադովը մեկնել Բաքու եւ վերադարձել դատարկ ինքնաթիռով: Մամուլում տեղեկություններ եղան, որ ինքնաթիռում եղել է թուրքական պատվիրակություն, որը ժամանել է «Մեղրիի միջանցքը» տեղորոշելու համար: ՀՀ ՊՆ-ից հերքել են այդ լուրը: Ուրեմն, Մուրադովը հենց այնպե՞ս է թռել եւ ժամանել: