ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է, որ նրանք ներգրավվեն պայմանագրային զինծառայության մեջ: ԼՀԿ-ն, որպես սահմանային տարիք, առաջարկում էր 63-ը:
Գորգիսյանը նշեց, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխության է ենթարկվել: Կառավարությունն առաջարկել է տարբեր սպայական կոչումների համար տարբեր տարիք սահմանել, ինչին խմբակցությունը դեմ չէ:
Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել՝ շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:
Կառավարությունն առաջարկել է ավելացնել նաև պահեստազորի տարիքը: