Ճանապարհները փակած ծնողները պահանջում են, որ վարչապետը գա և պատասխան տա

Շիրակի մարզում ճանապարհները փակած ծնողները, որոնց որդիները գերության մեջ են, պահանջում են հանդիպում վարչապետի հետ, որպեսզի հստակ պատասխան ստանան։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։ Գերեվարված անձանց ծնողները այսօր փակել են մարզի ճանապարհները։

 

«Հիմա խառը իրավիճակ է, վարչապետին են ուզում, որ գա պատասխան տա։ Մարդիկ անորոշության մեջ են, էդ տղաները գերի են ընկել, ծնողներն ամեն օր դիմում են մեզ, մարզպետարան, կառավարություն, տարբեր կառույցների, բայց ապարդյուն»,- ասաց նա։

Նշենք, որ 62 զինծառայողներ, որոնք Շիրակի մարզից են, հրադադարի հաստատումից հետո գերեվարվել էին Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքներից։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նրանք «դիվերսանտներ» են։ Բայց այդ հայտարարություններից հետո վերադարձվել էին 62 հոգանոց խմբի նախ 5 անդամներ, իսկ փետրվարի 9-ին՝ ևս 3-ը։

Ըստ Վարդան Իկիլիկյանի՝ երեկ Շիրակի մարզի ծնողները տեղեկություն են ստացել, որ ինքնաթիռ է ժամանելու Ադրբեջանից, որով գերիներ էին բերվելու։ «Վերջին շրջանում անընդհատ ժամկետ են ասում, հետո փոխում ժամկետները, թե՝ էսօր ենք բերելու, 10 օրից ենք բերելու, 15 օրից։ Էս մարդիկ էլ լարված սպասում էին, երեկ էլ լսեցին, որ սամալյոտ է իջնելու, գնացին։ Պատգմավորներից մեկը եկել է օդանավակայան ու ծնողներին ասել է, որ հիմա գերիներին կբերեն, տեսնենք  քանիսն են։ Բայց հետո էլ զանգեցին ինձ ասացին՝ ոչ մեկ էլ չի եկել, սամալյոտը դատարկ է եկել։ Էդ մարդիկ գիշերվանից դեռ գյուղ չեն եկել, եկել են ու մարզի ճանապարհները լուսադեմին փակել են»,- հավելեց համայնքի ղեկավարը։ Գերեվարված զինծառայողներից 6-ը հենց Ազատան համայնքից են։

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակն այն բանի հետևանք է, որ հայկական կողմը հստակ պահանջներ չի ներկայացնում գերիների վերադարձի հարցում։

«Երբ մարդու երեխեն գերեվարված է, նրանք ամեն ինչի պատրաստ են։ Իրենց հետաքրքիր չեն Մուրադովը, երկրի վարչապետը կամ մյուսները, հետաքրքիր է իր երեխեն։ Մինչև այս էլ ծնողներն անորոշության մեջ էին, հիմա ավելի վատ է նրանց վիճակը»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում «պետք է տղամարդ, ով կբանակցի թե Մուրադովի, թե ադրբեջանական կողմերի հետ»։

«Հարցերը հստակ պետք է դրվեն՝ մեր գերիների վերադարձ։ Ինչ պայմանավորվել ենք, փաստաթղթի ցանկացած կետ պետք է պահպանվի, ոչ թե պահպանվի, այլ նաև շատ արագ պետք է մեր գերիները վերադարձվեն՝ կապ չունի ռազմագերի են, թե իրենք դիվերսանտներ են որակվել։ Դա իրենց մեղավորությունն է եղել, որ մեր երեխեքը գերեվարվել են այնտեղ։ Էդ երեխեքին ցույց են տվել իրենց դիրքերը, նրանք դիրքերն են պահել»,- հավելեց նա։

Կարեն Արշակյանի խոսքով՝ եռակողմ փաստաթղթում հստակ նշված է, որ գերիները պետք է վերադարձվեն բոլորը բոլորի դիմաց։ Բացի դա, կողմերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած էին նախքան հրադադարը։ «Հենց սկզբից ևեթ իրենք չպահպանեցին, որ ով որտեղ կանգնած էր, էդտեղ մնար։ Մեր տարածքները լրիվ տվեցին՝ չենք իմանում ինչ հիմքերով, ինչի հիման վրա, որ օրենքի, էդ քարտեզը որտեղից էին գտել, ով էր բերել։ Փաստորեն մարդիկ օգտվեցին առիթից, որ չկա պահանջատիրություն, չկա մեր երկրի մոտեցումը, ազգի պահանջատիրություն, և հիմա այս իրավիճակն է»,- հավելեց Մարմաշեն համայնքի ղեկավարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.