Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը հզորացնելու, ուժեղացնելու մեր պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ մեր վերաբերմունքի մասով թեմայի մասին:
«Յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելություն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,-ասաց նա:
Մակունցը հայտարարեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, նման բան չի հնչել:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն հայ-թուրքական հարաբերությունները, Մակունցը պատասխանեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, կամ եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»: