Թուրքերը մահու չափ վախենում են «արտաքին միջամտությունից»․

Բաքվի ղեկավար Ալիեւը Թյուրքական խորհրդի նիստում ասել է․ «Իմ թանկագին եղբայր Էրդողանը սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը, աջակցություն է հայտնել Ադրբեջանին։ Դա թույլ տվեց մեզ հաջողությամբ հակահարձակում իրականացնել, թույլ տվեց, որ կողմնակի ուժերը չմիջամտեն այդ հարցին։ Միշտ ասել եմ, որ եթե արտաքին միջամտություն չլինի, Ադրբեջանը կարճ ժամանակում կլուծի ղարաբաղյան հարցը, այդպես էլ եղավ»։

Ի՞նչ արտաքին միջամտությունից է վախենում Ալիեւը, որը մինչ այդ զսպում էր հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը։ Մինսկի խմբի գործունեությունը «չեղարկվել է» Ռուսաստանի ջանքերով, որի արդյունքում Մոսկվան հնարավորություն է ստացել իր զորքը տեղակայել Արցախում։ Մոսկվան տորպեդահարում է Մինսկի խումբը նաեւ հիմա։ Դեկտեմբերին ՄԽ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները ժամանեցին տարածաշրջան, իսկ Ռուսաստանն իր համանախագահին չուղարկեց։

Ռուս համանախագահը մինչ օրս չի հայտնվել, իր մասին հիշեցնելով միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին, որ Լավրովի պլանում չի նախատեսվել Արցախի որեւէ կարգավիճակ։

Չնայած Ալիեւն ու Պուտինն ասում են, որ «ղարաբաղյան հարցը լուծված է», ակնհայտ է, որ նրանք զգուշանում են Մինսկի խմբի վերակենդանացումից, ՄԱԿ որոշումներից, առավել եւս, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ռուս-թուրքական համաձայնությունները չեն ճանաչում որպես լուծում։

Ալիեւը գիտի, որ հակամարտությունը լուծված չէ։ Նա չի կարող ազատ մեկնել Շուշի, եւ հայտնի չէ, թե Էրդողանն ինչպես է մտադիր հասնել Շուշի։ Ռուսական շարասյունը խոնարհ կուղեկցի՞ նրան։

Հայաստանն արդեն մշակել է իր մոտեցումները եւ ներկայացրել ԵԱՀԿ Նախարարների խորհուրդ, որոնցով նախատեսվում է Արցախի կարգավիճակի ընդունում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի, Արցախի ժողովրդի անվտանգության համապարփակ ապահովման, Արցախի տարածքի դեօկուպացիայի վրա, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Նախարարն ասել է, որ իրադարձությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահություն, որը կարող է գլխավորել խաղաղության գործընթացը տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.