Նիկոլ Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 զինծառայող:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.