Հայրենիքի փրկության ճակատը Փաշինյանի փրկության ճակատն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:

-«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնություն. քաղաքական նոր բրե՞նդ է ձևավորվում:

-Այո՛, քաղաքական նոր ուժ է ձևավորվում, և ապրիլի 23-ին լինելու է հիմնադիր համագումարը, մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, քաղաքական գնահատականներ ենք տալու բոլոր ժամանակների իշխանությունների արածներին ու չարածներին, նաև մեր լուծումները, մեր այլընտրանքն ենք ներկայացնելու:

–Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու նպատա՞կ եք հետապնդում:

-Այո:

-Ո՞վ կամ ի՞նչն է սպառնում Հայաստանի ինքնիշխանութանը. նուրբ ազդակներ կան այս նախաձեռնության անվան մեջ:

-Նախ՝ մեր համոզմունքն է, որ Հայաստանի իշխանությունները քայլ առ քայլ զիջել են Հայաստանի ինքնիշխանությունը:

 

-Նաև այն իշխանությունը, որի անդա՞մն էիք մի ժամանակ:

-Այո՛, այս իշխանությունը նույնպես սխալներ է թույլ տվել այդ առումով: 2018թ. մեր ժողովուրդը պատգամ էր տվել նոր որակի պետություն կառուցելու, և ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու, և պատճառները բազմաթիվ են: Համոզմունք ունեմ, որ մեր պետության կարևորագույն խնդիրները կապված են մեր ինքնիշխանության կորստի հետ: Հայաստանի քաղաքական դաշտը չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, և գնալով կախվածությունը մեծացնում են: Ամեն մի ճակատագրական որոշումով Հայաստանի դերը թուլացրել են:

-Այսինքն՝ ձեր այդ գնահատականը պատերազմից բխող չէ՞:

-Նաև պատերազմից բխող է, պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն կերպով հանրությանն ի ցույց դվեց:

-Որպես պատերազմի մասնակից, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևություն արեցիք:

-Տարիներ շարունակ մսխվել է պետությունը նախորդ իշխանությունների կողմից, իրար հաջորդելով՝ ՀՀ իշխանությունները սեփականաշնորհել են Հայաստանի հարստությունները, փոխարենը կարող էին հզորացնել բանակը, տնտեսությունը, բարելավել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և այլն: Որ այսպիսի պարտություն կրեցինք, դրանում նախկինները առյուծի բաժին ունեն, բայց նաև օրվա իշխանությունները՝ իրենց կադրային քաղաքականությամբ, իրենց ոչ պատշաճ կազմակերպչական աշխատանքներով թերացան: Որտեղ որ ես եմ եղել, տեսել եմ անկազմակերպություն:

-Թե՞ սաբոտաժ:

-Երկուսը միասին…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.