Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակը

ԱԺ պատգամավորներն այսօր՝ ապրիլի 1-ին, արտահերթ նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հիշատակը:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին 81 տարեկան հասակում:

Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։

Արկադի Տեր-Թադեւոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

 

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.