2020թ. 44–օրյա պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը համոզված է, որ զինվորական Գոռ Իշխանյանը զինվորներին հրաման է տվել՝ ստելով, թե նրանց տանում են պահեստ, բայց դիտավորյալ տարել են ու սպանել։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուրը՝ պնդելով, որ եթե զինվորները մնային իրենց դիրքերում, ապա նրանց կյանքին վտանգ չէր սպառնա։
«Ես վկա ունեմ, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը, նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե տանում են պահեստ…Կարծում եմ՝ սա անգրագիտության արդյունք է եղել կամ էլ նա հոգեկան խանգարում ուներ։ Մենք հետախույզ, դատապաշտպան ենք դարձել, ինչո՞ւ ես պիտի 53 օր ման գայի իմ երեխուն ու անընդհատ խաբեին մեզ։ Պաշտպանության նախարարություն գոյություն չունի, այնտեղ հավաքվածները ոնց որ դարմայեդների հավաքածու լինեն»,– ասաց զոհվածի հայրը։