Մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնում է, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։

 

«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս  եկել,  դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային  քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել,  շարունակել է  վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները: Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքն ի վերջո ո”վ  պետք է երաշխավորի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրինա Յոլյանն՝ ավելացնելով, որ սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք  պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն:

Իրինա Յոլյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան: Գորիսի համայնքապետարանն իր վրա է վերցնելու պատճառված վնասը փոխհատուցելու ծախսերը: Նա նաև տեղեկացրեց, որ դեպքին շատ արագ արձագանքել են Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը:

Օրեր առաջ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.