Ռուսական NTV հեռուստաալիքի՝ Հայաստանին նվիրված հաղորդման մեջ որպես փորձագետ հրավիրված պատգամավոր Նիկոլայ Ստարիկովը համեմատել էր Հայաստանին կնոջ հետ, որը կարող է գայթակղվել հարուստ սիրեկանով։
Այդ համեմատությունն այնքան էր դուր եկել ծրագրի հաղորդավար Օլգա Բելովային, որ նա 10 րոպե քննարկել էր որպես Ռուսաստանի «կին» Հայաստանի «դիրքի» մասին և հարցադրում արել, թե արժի՞ թույլ տալ նրան «ման գալ»։
Հաղորդման այդ հատվածը քննադատության առանձնահատուկ ալիք էր բարձրացրել հայկական մամուլում և սոցցանցերում։
Armenia.IM պորտալը կապ է հաստատել Բելովայի հետ՝ նման վարքի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար։
«Հաճելիորեն զարմացած եմ Հայաստանում մեր հաղորդման հեռուստադիտողների նման մեծ թվից և ոչ հաճելիորեն զարմացած բացասական վերաբերմունքի այն հոսքից, որը տեղացել է մեզ վրա ծրագրից հետո՝ նվիրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ Շտապում եմ հավաստիացնել, որ ոչ ոք և երբեք չի վերաբերվել մեզ համար բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին ամբարտավանությամբ կամ որ ավելի վատ է՝ քամահրանքով։ Խոսքերը, որոնք ասվել են ծրագրի ընթացքում, ակնհայտորեն, տարընթերցվել են և դիմավորվել բարձր զգացմունքայնությամբ, որը հաճախ իշխում է որոշ եթերների ժամանակ, որոնց անցկացվում են քաղաքական երգիծանքի ժանրում։ Հասկանում և կիսում եմ շոշափված թեմայի ցավոտությունը, և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր ոչ
անտարբեր վերաբերմունքն այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր հարևանների մոտ, ակհայտորեն հրահրել է թեմայի այդքան կոշտ քննարկում։ Ունենալով Ուկրաինայի իրադարձությունների տխուր փորձը՝ մենք չենք ցանկանում, որպեսզի դրամատիկ իրադարձությունները կրկնվեն Հայաստանում»,-նշել է հաղորդավարուհին։
«Հայաստանի վիրավորված քաղաքացիները կարող են նամակ գրել պատգամավոր Ստարիկովին, ով սկսել է այդ թեման և առաջ քաշել նման համեմատություն»,-հայտարարել է Բելովան՝ պատասխանելով հարցին այն մասին, թե հաղորդավարուհին չէ՞ր ցանկանա արդյոք ներողություն խնդրել։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am