17-ը կփլուզվի, մարզերում ևս հաջողություն չեն գրանցի

Գրեթե մեկ ամիս երթևեկության համար փակ Բաղրամյան պողոտան բաց է։ «Հայրենիքի փրկության շարժումը» այս մասին տեղեկացրեց տարածած հաղորդագրության միջոցով։

«Ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին շարժման նպատակը չէ: Ելնելով վերը նշվածից՝ «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Դեմիրճյան փողոցը դեռ մնում է փակ, շարժումն առաջիկայում կսկսի մարզային այցելություններ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տևական ժամանակ է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» գնում է մարման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղևոնդյանն ասաց. «Անհրաժեշտություն կար որոշակիորեն վերանայել գործողությունները, քանի որ որևէ առաջընթաց այլևս ակնկալելն անիմաստ էր։ Այդ պատճառով էլ շարժման առաջնորդները որոշում կայացրին փոխել ձևաչափը։ Ես չեմ կարծում, որ մարզային այցելությունները հաջողություն կգրանցեն։

Տվյալ կոնտինգենտի հիմնական հետևորդները գտնվում են մեծ քաղաքներում՝ հատկապես Երևանում։ Մարզերում, ըստ տարբեր հարցումների, շատ ավելի քիչ հետևորդներ ունեն։ Իրենց հայտարարություններն այլևս դեկլարատիվ բնույթ են կրում, որպեսզի ցույց տրվի, որ ինչ-որ բան նախատեսվում է»։

Մեր այն դիտարկմանը, թե այն դեպքում, երբ Վազգեն Մանուկյանը մերժում է ընտրություններին մասնակցությունը, շարժման անդամ որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են մասնակցության մասին, Ռոբերտ Ղևոնդյանն արձանագրեց. «Հասկանալի է, որ 17+ ուժերը հավաքվել էին մեկ նպատակի շուրջ՝ ստիպել իշխանություններին որոշակի գործողությունների գնալ։ Իշխանություններն այժմ գնում են արտահերթ ընտրությունների, և դրանից հետո շարժման ամեն մի ուժ իր սեփական որոշումն է կայացնում՝ ինչպես մասնակցել առաջիկա քաղաքական գործընթացներին։ Նորմալ է, որ այն ուժերը, որոնք հույս ունեն ընտրությունների միջոցով ինչ-որ տեղ գրավել քաղաքական կոնյունկտուրայում, չեն ցանկանում այդ շանսը կորցնել։ Իսկ այն ուժերը, որոնք որևէ աջակցություն չունեն ժողովրդի կողմից՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում, չեն կարող հայտնվել Ազգային ժողովում կամ նույնիսկ մոտենալ այդ շեմին, ցանկություն չեն ունենա մասնակցել այդ գործընթացին ու կփորձեն այլ միջոցներով իրենց քաղաքական գործունեությունը շարունակել։ Դրա համար էլ քանդվում է 17 կուսակցությունների միությունը, և ունենք այն իրավիճակը, ինչը բնականորեն կարելի էր ենթադրել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ «Հայրենիքի փրկության շարժումը» նախընտրական կամպանիայի առաջին փուլն ավարտել է։ «Անկախ նրանից, թե այդ ինչ հաջողության ունեցավ, դա պայքարի մի փուլ էր՝ ցույց տալու, որ իրենք ժամանակ իզուր չանցկացրին։ Հիմա արդեն նոր իրողությունների դեպքում նրանք կանցնեն հաջորդ փուլին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանի դիտարկմամբ՝ այժմ նրանք պատրաստվում են անցնել խորհրդարան. «Խոսքն այն ուժերի մասին է, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին։ Մերժողների կեցվածքն էլ անակնկալ չէ։ Ընդհանրապես սյուռեալիզմ է այն, որ 17 ուժեր կարող էին համատեղ ծրագիր ունենալ։ Իհարկե կբաժանվեն, բայց հիմնական շարժիչ ուժը, որոնք պատրաստվում են քաղաքական հարթակում ներկա լինելու հայտ ներկայացնել՝ այս փուլը հաջողությամբ ավարտեցին»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.