Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական ծրագրերից ամենամեծ պահանջարկն ունեցել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս վարկերն իրականում կազմել են 2-րդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 000 վարկից 26 000-ը եղել են հենց գյուղվարկեր: Իհարկե գումարով դա ընդհանուր 63 մլրդ-ի 1/3-ն է, այսինքն՝ 21 մլրդ, բայց քանակով և շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել»,- ասաց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ պետության կողմից սուբսիդավորվող այս էժան վարկեր, ըստ էության, անցյալ տարի փոխարինել են գյուղացիական տնտեսությունների աջակցության նախկին բազմաթիվ այլ ծրագրերին:
«Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք և այլն»,- ասաց Քերոբյանը՝ կառավարությանն առաջարկելով, հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, երկարացնել այն այնքան ժամանակ մինչև որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը ամբողջությամբ կվերականգնվեն ճգնաժամից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ծրագրի ավարտից հետո գյուղոլորտում մարել է նաև աշխուժությունը:
«Մենք վիճակագրությունն ուսումնասիրեցինք և տեսանք, որ փոքր գյուղվարկերի ստացման տեմպը այնպիսին չէ, ինչպես նախորդ տարի, և որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի մեր սիրելի գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան, և բանկերն էլ որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին վարկավորելու առումով»,- ասաց Փաշինյանը:
Քննարկման արդյունքում կառավարությունը որոշեց երկարացնել գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1–ը: