Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 23-ին, երկրորդ ընթերցման ներկայացրեց իր կողմից ներկայացված ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն, նախատեսվում է նախկինում վիրավորանքի համար նախատեսված 1 միլիոն դրամ տուգանքը դարձնել 3 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսված տուգանքը 2 միլիոնից դարձնել 6 միլիոն դրամ:
««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծով առաջարկվում է 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 3000-ապատիկ թվով, 8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 6000-ապատիկ թվով: Ասեմ, որ առաջին ընթերցմամբ մենք ընդունել ենք 5000 և 1000 ապատիկ տարբերակը, բայց խորհրդակցելով իմ գործընկերների հետ, ինչպես նաև Արդարադատության նախարարության հետ համագործակցելով՝ եկել ենք այն տրամաբանությանը, որ այնուամենայնիվ նաև հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլացյայի աստիճանն, ինչպես նաև հաշվի առնելով այսօրվա ստեղծված իրավիճակը, ես համաձայնել եմ և այս պահի դրությամբ օրենքը 2-րդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով»,-ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նախագիծը ներկայացնելուց հետո Ալեն Սիմոնյանը մտքերի փոխանակման ժամանակ անդրադարձավ հավելավճարների թեմային՝ նշելով, որ առաջարկում է հավելավճարների թեման դադարել շահարկել ԱԺ դահլիճում։
«Այն օրը 17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար եք տվել, բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պիտի տանք ոստիկաններին, իսկ դուք այդտեղ, որ մարդիկ կանգնում են գումար չեք բաժանո՞ւմ, օղի, ուտելիք չեք բաժանո՞ւմ, մեր ոստիկանները կարգ ու կանոն են պահում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, ովքեր երթ են անում: Այո՛, պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն, լավ կանեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և խրախուսվելու են»,-ասաց ԱԺ փոխխոսնակը: