Օրեր առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում Ձեզ էր անդրադարձել, մեջբերեմ․ «Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018-ի իշխանափոխությունը, Հայրապետյանը նախ հարցրել է՝ ինչո՞ւ են հիշեցնում Միքայելյանին և շարունակել․
«Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։ Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»»։
-Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։ Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։ Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան պատերազմում հաղթանակը։
Երկրի վիճակն այնպիսին էր․ կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։ Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։ Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել։