Բերդիկ համայնքի փողոցներից մեկն անվանակոչվեց Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանի անունով

Արարատի մարզի Բերդիկ համայնքի կենտրոնական փողոցն անվանակոչվել է 44–օրյա պատերազմում նահատակված Վահե Կարապետյանի անունով։

Վահեն արմատներով Բերդիկից էր, նրա մարմինը հանգչում է գյուղի գերեզմանատանը։

Փողոցը Վահեի անունով կոչելու՝ համայնքապետի առաջարկը համայնքի ավագանին ընդունել է միաձայն։ Անվանակոչման հանդիսավոր արարողությանն այսօր՝ մարտի 20–ին, համայնքապետ Իշխան Թարվերդյանը նշեց՝ այս կերպ իրենց երախտագիտությունն են հայտնում երիտասարդ կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդուն եւ հավերժացնում նրա հիշատակը։

«Վահե Կարապետյանի մեջ մեր կորցրած յուրաքանչյուր զոհն է ու անհետ կորածը։ Պետք է յուրաքանչյուրս պարտավորված զգանք, մեր երեխաներին դաստիարակենք այն հոգեբանությամբ, որ երկիրն առավել է ամեն ինչից։ Մենք պարտավորվածություն ունենք շարունակելու իրենց գործը»,– ասաց Իշխան Թարվերդյանը։

 

2020թ.–ի 44–օրյա պատերազմին Բերդիկ համայնքից մասնակցել է 52 հոգի, որոնցից երկուսը զոհվել են։ Գյուղի մեկ այլ փողոց էլ կրում է 38–ամյա Սարգիս Շամամյանի անունը։

Վահեի մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքով ՝ փողոցը, որտեղ գտնվում է Վահեի հայրական տունը, նրա անունով կոչելու որոշումը իրենց համար անակնկալ է եղել, յուրահատուկ նվեր՝ Վահեի տարեդարձին. մարտի 18–ին Վահեն կդառնար 22 տարեկան։

«1999թ.–ի մարտի 18–ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետեւ առաջին անգամ մայր եմ դարձել, ուրախացել, հպարտացել, որ տղա եմ ունեցել։ Ամեն տարի սպասում էի այդ օրվան, որովհետեւ Վահեիս ծնունդը միշտ եղել է յուրահատուկ։ Հպարտ եմ, որ ունեցել եմ նման զավակ, հպարտ եմ, որ իր մայրն եմ։ Ոչ մի մայր թող չզգա այն ցավը, որը ես եմ զգում»,– ասաց տիկին Անահիտը։

Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.