2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։
«Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։
«Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա: