Ռուսաստանը ժամանակին հասցրեց զենքը Թուրքիային, հարձակման մեկնարկին. ՌԴ դեսպան

2021 թվականի մարտի 15-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ա․ Երխովը Թուրքիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ։

«Այսօր մենք նշում ենք Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձևակերպում է։ Այն լիովին արտացոլում է այդ բարդ ժամանակների ռոմանտիկ ոգին», ասել է դեսպանը։

«Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում և նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ, պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը», ասել է նա։

Երխովը ելույթում հիշել է Ռուսաստանի ռազմական օգնությունը Թուրքիային. «Լավ հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության պայքարում։ Անտանտի ու նրա դաշնակիցների դեմ այդ պատերազմում թուրքական զորքի օգտագործած փամփուշտների ավելի քան կեսը, յուրաքանչյուր չորրորդ հրացան և յուրաքանչյուր երրորդ արկ մատակարարել է Խորհրդային Ռուսաստանը։ Գերմանիայից Անկարայի գնած 22 ինքնաթիռները Թուրքիա են հասել Ռուսաստանի տարածքով առանց որևէ մաքսային ու հարկային վճարումների։ Նովոռոսիյսկի նավահանգստից «Շահին» նավով մեծ գաղտնիության պայմաններում ինքնաթիռներն արագ հասցվեցին թուրքական ափ։ Ինքնաթիռների մատակարարումը հասցրեց թուրքական բանակի հարձակման մեկնարկին, դրանք հաջողությամբ կիրառվեցին անատոլիական ճակատում։ Ժամանակակից ուսումնասիրությունների համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիայի ազգային ազատագրական շարժմանը մատակարարել է մոտ 80 միլիոն թուրքական լիրա ոսկով», ասել է Երխովը։

«Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, առանձնահատուկ կարևոր են մեր օրերում, երբ դրանից շատ առումներով կախված է տարածաշրջանի անվտանգությունը, մեր երկրների ժողովուրդների զարգացումն ու բարգավաճումը։ Հատկապես կուզեի ընդգծել, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցությունը տեղի է ունենում այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային, ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, զբոսաշրջությունը։ Անցած շաբաթ ներկա լինելով Աքքույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի աշխատանքների մեկնարկի արարողությանը՝ մտածում էի Մոսկվայի պայմանագրի մասին. չէ՞ որ հենց այն ժամանակ մեր ժողովուրդներն ամուր հիմք դրեցին բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը, որոնք այսօր այսքան երջանիկ զարգանում են», ասել է դեսպան Երխովը։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.