Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում:
Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]: Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն:
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց:
Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին: