«Հուշագիր այլևս չի լինելու…». Էդմոն Մարուքյան

Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները, և հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը:

Անդրադառնալով ԼՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկին՝ Մարուքյանը նշեց, որ այն թողնվել է անպատասխան և արդեն ժամանակավրեպ է:

Նրա խոսքով՝ հուշագիր այլևս չի լինելու, իսկ նոր հնարավոր առաջարկի վերաբերյալ կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն:

«Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.