«Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին...»․ մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադառնալով՝ այն լուրերին, թե Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ ադրբեջանցիները դրոշ են դրել և չափագրումներ կատարել, ինչպես նաև Տավուշի մարզում ռուս խաղաղապահների մեքենաների շարասյուն են տեսել, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։

Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։

Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսել էինք Ազատամուտի համայնքապետի հետ, ով լուրը հերքել էր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.